Արմինֆո. Տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը Երևանում այսօրվա բանակցությունների թեմաներից մեկն էր միայն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մայիսի 6-ին Հայաստանի իր պաշտոնակից Արա Այվազյանի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Զանգեզուրի միջանցքի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունների վերաբերյալ հարցին, որոնցում վերջինն սպառնում է ուժով գործարկել միջանցքով հաղորդակցությունները, եթե Հայաստանը հանկարծ ընդդիմանա։
"Մենք այսօր մեր բանակցությունները նվիրել ենք ոչ բացառապես տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցության հարցերին։ Դա, ընդամենը, թեմաներից մեկն էր։ Մենք այսօր խոսել ենք հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրների մասին։ Այդ թվում ՝ ռազմական, ռազմաքաղաքական, հումանիտար, եւ շատ այլ բաների մասին", - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ փոխգործակցությանը, ապա, Լավրովի հավաստմամբ, այդ մեխանիզմը ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում:
"Եվ այդ մեխանիզմը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր, փոխշահավետ հիմքի վրա, և որոնք ոչ մի կերպ չեն ենթադրում ոչինչ, բացի դիվանագիտական համաձայնությունից և որոշումներից, և որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը ։ Ցանկացած հարց, որը կարող է հակադրվել երեք առաջնորդների այդ պայմանավորվածություններին, իհարկե, չի կարող ընկալվել որպես այլընտրանք այն բանի, ինչի մասին պայմանավորվել են", - ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։