Արմինֆո. Եվրախորհրդարանում Հայաստանի վերաբերյալ մշտական զեկուցող, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կովաչովը Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելլամիի եւ Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել եւ եւս 119 պատգամավորների հետ միասին դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Ինչպես հաղորդել է Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, խորհրդարանականներն իրենց դիմումի մեջ նշել են, որ խոսքը 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը ընդունում է Ադրբեջանը, ինչպես նաեւ այն 112 անձանց մասին, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղեկատվություն չի ներկայացնում, եւ այն 61 անձանց մասին, որոնց գերեվարման փաստը Բաքուն հերքում է, բայց կան նրանց գերության մեջ գտնվելու փաստական ապացույցներ:
Նշենք, որ չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանն արդեն 6 ամիս շարունակում է պահել մի քանի հարյուր հայ գերիների եւ քաղաքացիական անձանց' տարբեր պատրվակներով հրաժարվելով նրանց վերադարձնել: Ավելին, Բաքվում ցինիկաբար հայտարարում են, թե հայկական կողմին են վերադարձրել բոլոր գերիներին ու ռազմագերիներին, իսկ մնացածները "ահաբեկիչներ" են։ Նախօրեին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները հաղորդել էին, որ ադրբեջանցի զինվորականները խոշտանգել և այնուհետև սպանել են 19 հայ զինվորականների և քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ 4 կանանց: