
Արմինֆո.ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին Երևանից հնչող հայտարարությունները բնավ նորություն չեն։ Եւ հենց նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հնչեցրել է դրանք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից եւ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո վարչապետ Փաշինյանը նման հայտարարություններ է հնչեցրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ արդեն մի քանի անգամ:
"Այստեղ պետք է նշել, որ, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանը։ Այդ մասին է վկայում մեր երկկողմ համաձայնագրերի բովանդակությունը։ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական դաշինքը գոյություն ունի, և դա հստակ կանոնակարգված է առկա իրավապայմանագրային բազայով։ Բացառություն է կազմում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողությունը։ Դա, պարզապես, անհրաժեշտ է բնակչության կյանքը փրկելու համար: Թեև, պետք է խոստովանել, որ հումանիտար բաղադրիչից բացի այստեղ առկա են նաև աշխարհաքաղաքական նկատառումներ", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ ռուս արեւելագետը Հայաստանի վարչապետի վերջին ռուսամետ հայտարարությունները բացատրում է Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներում Մոսկվայի աջակցության անհրաժեշտությամբ: Առնվազն, Ռուսաստանի ղեկավարության կողմից իր ճանապարհին խոչընդոտների բացակայությամբ և Կրեմլի վստահության ձեռք բերմամյբ՝ որպես հուսալի գործընկեր։ Ընդ որում, Սկակովը Փաշինյանի դիրքերը Հայաստանի ներսում գնահատում է բավական թույլ։ Իսկ նրա իշխանությունը, ըստ ռուս արևելագետի, պահպանվում է միայն այն ուժերի բացակայության շնորհիվ, որոնք կարող են լուրջ մրցակցություն կազմել նրա նկատմամբ։
Այս համատեքստում Սկակովն առանձնացրել է ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի մոտալուտ այցը Երեւան եւ Բաքու։ Նրա կարծիքով՝ անցյալ տարվա պատերազմից հետո այս այցի օգտին առկա հանգամանքներին ավելացել են մի շարք նորերը։ Արևելագետի գնահատմամբ՝ նոյեմբերի և հունվարի եռակողմ հայտարարությունների ձևավորման ակունքներում կանգնած Լավրովը մտադիր է հետևողականորեն հետևել դրանց իրականացմանը: "Հասկանալի է, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներն էապես արգելակում են Երեւանի դիվանագիտական ակտիվությունը, իսկ դա չի բխում Մոսկվայի շահերից, որը ձգտում է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման՝ առանց բացառության, ", - ընդգծել է նա:
"Այս ամենը վերաբերում է ինչպես Զանգեզուրի միջանցքին և ռուսական խաղաղապահ առաքելության իրականացմանը, այնպես էլ Ադրբեջանից հայ գերիների վերադարձին։ Հասկանալի է նաև, որ Մոսկվայի համար կարևոր է պահպանել տարածաշրջանում գործընթացների նկատմամբ վերահսկողությունը՝ Բայդենի վարչակազմի կովկասյան քաղաքականության ակտիվացման լույսի ներքո։ Ընդ որում, կարեւոր է ընդգծել, որ Մոսկվան բոլորովին դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատանքի վերականգնմանը՝ առավել քան երբեւէ շահագրգռված լինելով իրավիճակի նոր էսկալացիայի կանխմամբ", - ամփոփել է Սկակովը: