Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին մատնանշել է Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման արդիականությունը և ադրբեջանական գերությունից բոլոր հայերի վերադարձի առաջնահերթությունը:
Ապրիլի 30-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Թաթոյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ եթե, անգամ, չլիներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, Ադրբեջանը պարտավոր կլիներ վերադարձնել հայ ռազմագերիներին, քանի որ դա նրանց կողմից բարի կամքի դրսեւորման քայլ չէ, այլ միջազգային պահանջ:
Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ի սկզբանե փորձել է գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ, բայց հետո փոխել է իր քաղաքականությունը ։
"Հիմա Բաքվում ասում են, որ ահաբեկիչներ իրենք, ընդհանրապես, չունեն։ Դա դիրքորոշում է, որն ակնհայտորեն հակասում է միջազգային սկզբունքներին։ Անկախ այն բանից, թե դա եղել է մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը, պատերազմից առաջ կամ հետո, մենք ունենք բաց, շարունակվող ռազմական հակամարտություն, եւ այդ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ՝ տվյալ ժամանակահատվածում գերության մեջ գտնվող ցանկացած մարդ ունի գերու կարգավիճակ։ Այդ իսկ պատճառով, Ժնևի կոնվենցիայի համաձայն, արգելվում է գերության մեջ գտնվող մարդու ցանկացած հետապնդում։ Ավելին, դա, ըստ էության, պատերազմական հանցագործությունների տանող քաղաքականություն է", - ասել է Թաթոյանը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաեւ արձանագրել է, որ այժմ միջազգային հանրությունը ուժեղացնում է ճնշումը Բաքվի նկատմամբ այդս հարցում: "Ադրբեջանը քաղաքականացնում է այդ հարցը, որպեսզի հոգեկան տառապանք պատճառի, հատկապես, գերիների եւ անհայտ կորածների ընտանիքներին", - կարծում է Թաթոյանը:
Դրա հետ մեկտեղ, նրա համոզմամբ, վերջերս Ղարաբաղում պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի դրսեւորած խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը ոչ թե առանձին վերցրած զինծառայողների հանցավոր գործողություններ էին, այլ միասնական պետական քաղաքականության մի մաս: "Պատերազմի ընթացքում, բացի արգելված զինատեսակների և զինամթերքի օգտագործումից, վարձկանների ներգրավումից, կտտանքների և տարատեսակ դաժանությունների կիրառումից, առաջացավ նաև մեկ այլ լրջագույն խնդիր ՝ Ադրբեջանում ատելության և թշնամանքի քարոզչությունը, որն այսօր կարելի է համեմատել միայն ֆաշիզմի հետ։ Դա էթնիկ հիմքի շրջանակներում ընկած է եղել բռնության, կտտանքների և դաժանության քաղաքականության մեջ", - նշել է օմբուդսմենը, հիշեցնելով, որ նույն վարքագծին ականատես է եղել նաև 2016 թվականի ապրիլին։
Թաթոյանն անդրադարձել է նաեւ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին՝ մեկ անգամ եւս մատնանշելով այս տարածաշրջանում անվտանգության գոտու ստեղծման արդիականությունը, ինչը թույլ կտա ոչ միայն վերականգնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքի եւ առողջության իրավունքները, այլեւ հնարավորություն կտա մշակել հողը եւ օգտագործել արոտավայրերը:
"Դա նաև ենթադրում է ադրբեջանցի զինվորականների, զինված մարդկանց հետքաշում, ադրբեջանական դրոշների և ցուցիչների հեռացում։ Հաճախ մարդիկ խուսափում են գնալ այն տեղամասերով, որտեղ կանգնած են ադրբեջանցի զինվորականները", - նշտել է օմբուդսմենը, հավելելով, որ համապատասխան փաստեր է ներկայացրել միջազգային կառույցներին ՝ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով ։
"Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ ադրբեջանական կողմը վարում է նույն քաղաքականությունը, ինչ երբեմնի Օսմանյան կայսրությունը։ Նա ջնջում է պատմության հետքերը", - ամփոփել է Թաթոյանը ։