Արմինֆո. Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպական միությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը տեղերում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի շուրջ համաձայնագրից հետո, եւ որոշ դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են աճյունների հանձնումը եւ հակամարտությունից լրջորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը: Սակայն, Եվրոպական միությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման եւ կայուն խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու համար: "Սա ներառում է թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից զերծ մնալը, մնացած բոլոր ռազմագերիների եւ ձերբակալված անձանց վերադարձման գործընթացի հնարավորինս արագ ավարտը ՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, ինչպես նաեւ համագործակցությունը այլ կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսիք են ականազերծումը:
Այս համատեքստում, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39 կանոնում նշված ժամանակավոր միջոցների վերաբերյմալ վերջերս նախարարների կոմիտեին ուղղված ՄԻԵԴ ծանուցումից հետո, մենք ընդգծում ենք, որ դատարանի նախադեպային իրավունքում հստակ սահմանված է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են պահպանել ժամանակավոր միջոցները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող մնացած տեղեկատվությունը", - ասվում է ԵՄ հայտարարությունում։
Ընդ որում, ընդգծվում է, որ վերոնշյալ հայտարարությանը միացել են Ալբանիան, Անդորան, Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Նորվեգիան եւ Սան Մարինոն: