Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2021 թ. անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»:
HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը նշել է․ «Այս մրցանակը ուշագրավ ձեռքբերում է HSBC Հայաստանի համար, քանի որ արտացոլում է բանկի ողջ նվիրումն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելուն։ Ավելին, այս մրցանակն ամփոփում է նաև ոլորտի ամենախոշոր անկախ հարցմանը մասնակցած գործարարների կարծիքը, ովքեր բարձր են գնահատում բանկի ջանքերը: Առևտրի ֆինանսավորումը HSBC-ի՝ որպես ֆինանսական կառույցի, զարգացման առանցքում է: Ավելի քան 150 տարի մենք խթանում ենք այս կարևոր ծառայությունը` մեր հաճախորդների համար միջազգային առևտուրն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով:
Այս մրցանակը ցույց է տալիս, որ չնայած վերջին 1 տարվա բազմաթիվ խոչընդոտներին՝ մենք կարողացել ենք աջակցել մեր հաճախորդներին՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը և բարելավելով հաճախորդների փորձը մեր գլոբալ հասանելիության, արդյունավետ լուծումների և աշխարհի ավելի քան 50 երկրներում գտնվող հազարավոր մասնագետների միջոցով: Մենք շարունակելու ենք շուկայում ներդնել առևտրի ֆինանսավորման արդյունավետ լուծումներ, ինչպես նաև օգնել գործարարներին նոր շուկաներ մուտք գործելու և առևտրի աշխարհագրությունն ընդլայնելու հարցում»։
«Euromoney»-ի 2021 թ. Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ հարցման արդյունքում HSBC Բանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում:
Նշենք նաև, որ HSBC Բանկը ճանաչվել է շուկայի առաջատար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար բանկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Միջին Արևելքի ու Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում:
Բացի այդ, Բանկը զբաղեցրել է առաջին տեղը 23 շուկաներում՝ այդ թվում Հոնկոնգում և Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև 17 շուկաներում ընտրվել է որպես ընդհանուր ծառայություններ մատուցող լավագույն ընկերություն։