Արմինֆո.Genocide միջազգային տերմինի հիշատակումը 20-րդ դարի առաջին քառորդում Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշելիս ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախապատվությունը արժեքներին պրագմատիկ քաղաքականության հանդեպ։
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը: "ԱՄՆ նախագահի համար կարեւոր է սեփական ընտրողներին ցույց տալ նախապատվությունը, որը նա տալիս է "արժեքների" քաղաքականությանը ցինիկ քաղաքական պրագմատիզմի հանդեպ։ Գաղտնիք չէ, որ ամերիկյան քաղաքական գործիչներն ու նախագահները, մասնավորապես, երկար տարիներ նախընտրում էին խուսափել genocide որակումից՝ նախընտրելով այն փոխարինել ավելի մեղմ, կոնյունկտուրային անալոգներով։ Իսկ ԱՄՆ նախագահները, որպես կանոն, օգտագործել են ցեղասպանության հոմանիշը՝ "Մեծ եղեռնը", - հիշեցրել է նա։
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր հայտարարության մեջ օգտագործել է "genocide" եզրույթը:
Նշելով, որ "Ռուսաստանի խնդիրը" ԱՄՆ-ի համար ոչ այնքան արտաքին քաղաքականության խնդիր է, որքան՝ ներքին քաղաքականության, Մարկեդոնովն ընդգծել է, որ իր ծավալներով զգալիորեն զիջող "Թուրքիայի խնդիրը" աստիճանաբար հանգեցրեց Անկարայի համար այդքան անցանկալի genocide տերմինի տարածմանը Վաշինգտոնի քաղաքական վերնախավի շրջանում: Ինչը, մասնավորապես, արտահայտվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից 2019 թվականին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերով։
Ընդհանուր առմամբ, Մարկեդոնովի գնահատմամբ, արտաբերելով ցեղասպանություն բառը, Բայդենը, մեծ հաշվով, ոչ պակաս ցինիզմ եւ քաղաքական հաշվենկատություն է ցուցաբերում, քան դրանից խուսափած իր բոլոր նախորդները։ Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան արդեն բավական վաղուց ծայրահեղ նյարդայնություն է առաջացնում Վաշինգտոնում և շատ անհարմար գործընկեր է ԱՄՆ-ի համար։ Այս լույսի ներքո՝ միանգամայն հիմնավորված է թվում Բայդենի կողմից Անկարայի նկատմամբ ճնշման պատմական եւ արժեհամակարգային եղանակներին տրվող նախապատվությունը, քանզի վերջինս, Վաշինգտոնի կարծիքով, չափերն անցել է:
"Այսպիսով, անցյալին դիմելու Վաշինգտոնի ձգտման հիմքում ընկած է ոչ այնքան պատմական արդարության վերականգնման ձգտումը, որքան ներկայի հոգսը։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն վաղուց հայտնվել է սուր երկընտրանքի առջեւ Էրդողանի Թուրքիայի նկատմամբ։ Անկարան բավական սանձարձակ դաշնակից է, սակայն Վաշինգտոնում չեն ցանկանում վերջնականապես սեփական ձեռքերով նրան վանել Մոսկվայի եւ Թեհրանի գիրկը։ Իսկ ահա սեփական հնարավորությունների ցուցադրումը, ճնշում գործադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով, բոլորովին այլ բան է։ Առավել ևս, որ Կոնգրեսի երկու պալատների կողմից Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները չփլուզեց", - ամփոփել է վերլուծաբանը։