Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հերքել է Ադրբեջանի մասնակցությունը Կազանում կայանալիք ԵԱՏՄ նիստին: Ապրիլի 26-ին Երևանում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը,
անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանն արգելափակել է Կազանում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Բաքվի մասնակցության նախաձեռնությունը, մասնավորապես, հայտարարել է. "Ես կարճ, բայց հստակ կլինեմ այդ հարցի վերաբերյալ։ Ձեր նշած երկրին միջոցառմանը մասնակցության որևէ կարգավիճակ տրամադրելու կամ հրավեր ուղարկելու վերաբերյալ ոչ մի փոխհամաձայնություն չկա"։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը:
Բաքուն կարող է Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երեւանը։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ հինգ ամիս առաջ պատերազմական վիճակում էին, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը ։