Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է հայ-ադրբեջանական պետական սահմանին սադրանքի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքին:
«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը», - ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմից Հայաստանի եւ Արցախի գյուղերի գնդակոծության մասին մի շարք հաղորդումներից հետո Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը շտապ հայտարարությամբ է հանդես եկել՝ հաղորդելով պետական սահմանին, իբր, Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների մասին: "Նույն օրը երեկոյան Զանգելանի շրջանի Սեիդլար գյուղում տեղակայված պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումների դիրքերը, որոնք հայկական կողմից ծառայություն են իրականացնում, գնդակոծվել են հայ զինծառայողների կողմից", - ասվում է հաղորդագրության մեջ, ընդ որում, նշվում է, թե, իբր, հարբած հայ զինվորականները սադրանք են իրականացրել: Վերջում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը սպառնացել է ամենավճռական պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե նման սադրանքները կրկնվեն ապագայում: