Արմինֆո.Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարի վերաբերյալ թեմայի շահարկմանը.
«Գիտեք, թե ինչ շահարկումներ կային, որ այդ գումարները կառավարությունը պարգևավճարներ է վճարել, այլ կարիքներ է հոգացել: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում: Այդ 120 միլիարդ դրամից 52 միլիարդ դրամն է, որ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այսինքն՝ կառավարությունն ընդհանուր առմամբ ռազմական դրության հետ կապված 120 միլիարդ դրամի հատկացում է իրականացրել, հիմնադրամն այդտեղ ունի 52 միլիարդ դրամի չափաբաժին, այսինքն՝ 50 տոկոսից պակաս: Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջերս՝ մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել եմ ընդհանուր առմամբ ծախսերի բացվածքը: Արդյունքում՝ հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն և վստահություն հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Սա արձանագրված փաստ է: Նաև ուզում եմ, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին և բոլորիս ուշադրությունը հրավիրել մի էական և կարևոր հանգամանքի վրա: 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար: Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար՝ Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 միլիոն դոլար: Այսինքն՝ 44 օրում հանգանակվել է 28 տարվա տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ 3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում 110 միլիարդ դրամի ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր կիրականացվի. «3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրից՝ 29 տարվա ընթացքում»: Վարչապետը նշել է, որ Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ դռնփակ ռեժիմով մանրամասն կներկայացվեն ռազմական դրության հետ կապված ծախսերը: