Արմինֆո.Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված հարթակի:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: Տիգրան Սամվելյանն իր գործընկերներին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրությունը և վերջինիս կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳՆ Եվրոպայի վարչությանը պետը գործընկերների ուշադրությունը հրավիրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման հանգամանքի վրա։
Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին որոշում էր կայացրել "Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի" հայցի վերաբերյալ: Դատարանը, ինչպես նշվում է նրա հայտարարության մեջ, հաստատել է այդ գործերով ապահովիչ միջոցների կիրառման կարեւորությունը եւ մերժել է դրանք չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը: Ըստ դատարանի որոշման, Ադրբեջանը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների կոնվենցիաները, հատկապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելում) նկատմամբ":