Արմինֆո. Հանրապետության նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել են Դավիթ Բեկ գյուղ:
ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ գյուղապետերի հետ: Քննակվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ այն մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք չնայած կադաստրային օրինական վկայականների` ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել: Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են տրվել: Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:
Հիշեցնենք, որ Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք:
Հանրապետության նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են նաեւ Շուռնուխ գյուղ: Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը: ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: