Արմինֆո.Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է
Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն պնդումներին, թե Բաքվում հայ գերիներ չկան, եւ այդ հարցը փակված է ։
«Այս հարցի առնչությամբ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Ցանկանում եմ հավելել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը», - ընդգծել է Նաղդալյանը, հավելելով, որ այս հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝ ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը: «Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն», - նշել է մամուլի խոսնակը: