Արմինֆո. Ռազմագերիների վերադարձի հարցը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ բանակցությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն էր։ Այդ մասին ապրիլի 15-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։
"Սա կարեւորագույն հարցերից մեկն է։ Մենք միշտ բոլոր հանդիպումներում բարձրացնում ենք այդ հարցը ։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել եւ ներկայացրել ենք ռազմագերիների եւ պատանդների վերաբերյալ իրական իրավիճակը։ Ադրբեջանը ճշգրիտ թիվ չի հայտնում։ Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ ու ծրագրեր կան, և չի բացառվում, որ՝ հանցավոր։ Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ հնարավորություններ ունենա հարցը քննարկելու և լուծելու համար", - ասել է Արցախի գլխավոր դիվանագետը։
Ճշգրտող հարցին, թե ինչ անել, չէ որ ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվող հայերը "ահաբեկիչներ" են, Բաբայանը փաստել է, որ պետք է բոլոր դռները թակել։ Ընդ որում, նա հավելել է, որ կան տվյալներ, բայց որպեսզի 100 տոկոսով փաստեր ունենան, միջազգային հանրությունը պետք է մոնիտորինգ իրականացնի։ "Ոմանք համոզված են, որ Ադրբեջանը օրգանների առևտուր է իրականացնում ։ Որպեսզի միջազգային հանրությունը հստակ իմանա, պետք է միջամտի։ Առաջին պատերազմից հետո, իսկ ես դա ասում եմ 100% վստահությամբ, ադրբեջանցիները հայ գերիներին ու պատանդներին գրանցում էին ադրբեջանական անուններով ու պահում բանտերում։ Միջազգային հանրությունը չէր կարող նրանց նույնականացնել մոնիտորինգի միջոցով։ Իսկ, ով գիտի, գուցե հիմա՞ էլ այդպես է։ Բայց փաստ է. գերիները կարող են ավելի շատ լինել, քան խոստովանում է Ադրբեջանը։ Եվ ի՞նչ իրավունք ունեն նրանց ահաբեկիչներ անվանելու։ Հիշու՞մ եք երեք ահաբեկիչներին Արցախում։ Մեկը ոչնչացվեց, մյուս երկուսի նկատմամբ տեղի ունեցավ բաց թափանցիկ դատական գործընթաց՝ միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ապացուցվեց, որ նրանք ահաբեկիչներ ու հանցագործներ են։ Իսկ այստեղ ոչ մի նման բան չկա", - ասել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, գնահատական տալով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը, Բաբայանը կարևորել է այն ։ "Այս ինստիտուտը շատ կարևոր է։ Մեր հանդիպումը, կարելի է ասել, առաջինն էր ինձ համար այս կարգավիճակում ։ Հանդիպումը շատ կարևոր է, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, կարևոր հարց է, մարտահրավեր միջազգային հանրության համար ։ Մենք քննարկել ենք տարբեր հարցեր։ Հիմա գնահատական չեմ տա։ Թե ինչ հետևություններ և հետևանքներ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց պետք է աշխատենք, օգտագործենք բոլոր խողովակները, որպեսզի դուրս գանք այս վիճակից", - ասել է նա։
Մինչդեռ, ճշտելով, թե արդյոք Արցախին ֆինանսական աջակցություն է սպասվում ԵՄ-ից՝ հումանիտար մարտահրավերները լուծելու համար, Բաբայանը նշել է, որ ժամանակը ցույց կտա: