Արմինֆո.Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի լիիրավ մասը և երբեք չի լինի։ Այդ մասին ապրիլի 15-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումների վերաբերյալ հարցին, թե Արցախի քաղաքացիները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ճշտելով, թե հայկական կողմը որքանով է ճանաչում խորհրդային սահմանները, Բաբայանը փաստել է, որ այդ հարցը բնավ միանշանակ չէ: "Նախ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ինքնորոշվել է նույնիսկ ԽՍՀՄ կազմում։ 1991թ. հռչակվել է ԼՂՀ ՝ ԽՍՀՄ բոլոր գործող օրենքների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն", - ասել է Բաբայանը։ Նրա խոսքով, այս համատեքստում ճիշտ չէ ասել, որ ԼՂԻՄ-ը, ԼՂՀ-ն, Ղարաբաղն, ընդհանուր առմամբ, կարող է լինել ներկայիս կամ Խորհրդային Ադրբեջանի մի մասը: "Մենք երբեք չենք եղել Ադրբեջանի լիիրավ մաս և երբեք չենք լինի։ Այս ամենը պետք է հստակեցվի։ Կցանկանայի հիշեցնել, որ նույնիսկ խորհրդային տարիներին Ղարաբաղն ուներ իր պետականությունը, և շատ ոլորտներում մենք ուղղակիորեն չենք ենթարկվել Ադրբեջանին", - արձանագրել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։
Մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, մասնավորապես, քաղաքացիական մեքենաների քարկոծմանը, գյուղացիական աշխատանքների ժամանակ խաղաղ բնակիչների գնդակոծմանն առնչվող հարցը, Բաբայանը պատասխանել է, որ միջազգային հանրությունը տեղեկացված է այդ գործողությունների մասին, քանի որ Արցախի պետական հաստատությունները, ԱԳՆ-ն հանդես են գալիս համապատասխան պաշտոնական մեկնաբանություններով: "Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը կօգտագործի նման մեթոդներ ։ Նախ, դա ֆինանսական տեսանկյունից էժան է, պետք չէ օգտագործել տանկեր, անօդաչու թռչող սարքեր, օդային ուժեր: Քանի որ նպատակը մեկն է ՝ հայերին արտաքսել Արցախից։ Իսկ նման մեթոդները ահաբեկում են մարդկանց մի մասին", - ամփոփել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ։