Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Կոտայքի մարզում հինգ զինծառայողների վրաերթի ենթարկած քաղաքացուն:
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ «Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Կատարվում է նախքննություն», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ավտոմեքենայի վարորդը եղել է անսթափ վիճակում: