Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները, աշխատանքային այցերը վերսկսելու պատրաստակամության մասին՝ իրենց գնահատողական եւ միջնորդական գործառույթների իրականացման համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցությամբ, հայտարարելով, որ ուշադիր հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները և հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակվող առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումը և կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները, որոնք ուղղված են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցային ապաշրջափակմանը:
Համանախագահները կողմերին հիշեցրել են «մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին: «Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և ձերբակալված այլ անձանց վերադարձին, հակամարտության տարածաշրջանի արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Միջնորդներն ընդգծել են նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով ԵԱՀԿ-ում իրենց մանդատի պայմանները եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կայուն, խաղաղ եւ բարգավաճ ապագայի ձգտումը' համանախագահներն ընդգծում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ եւ հաստատուն կարգավորման ձեռք բերմանը ' կողմերին քաջ հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա:
Այս կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթությունները արտացոլող համակարգված օրակարգը՝ առանց նախապայմանների:
Համանախագահները նաև իրենց վճռական աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանը և առաքելության հնարավոր ընդլայնմանը և կոչ են անում կողմերին լիակատար հասանելիություն և աջակցություն տրամադրել նրա ջանքերին: Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան, ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները ՝ իրենց գնահատողական և միջնորդական գործառույթների իրականացման համար։ Այդ առնչությամբ համանախագահները կողմերին հիշեցնում են, իրենց մանդատին եւ նախորդ պրակտիկային համապատասխան, համանախագահների ուղեւորությունների երթուղիների նկատմամբ անարգել մուտքի եւ տեղաշարժի առավելագույն ճկունության ապահովման պահանջի մասին։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, Ադրբեջանը միջնորդներին Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չի տալիս։ Բաքուն պնդում է, որպեսզի այսուհետեւ համանախագահները Ղարաբաղ այցելեն Ադրբեջանի տարածքով։