Արմինֆո. Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կներկայացնի իր առաջարկները տարածաշրջանում խաղաղ կյանքի հետագա կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ADA համալսարանում "Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն" խորհրդաժողովի ժամանակ։
"Ես կարծում եմ, որ կան բնագավառներ, որտեղ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խումբը - խմբ.) կարող են իրենց դերը խաղալ հետկոնֆլիկտային իրավիճակի առնչությամբ։ Ոչ թե որպես խումբ, որն օգնում է կարգավորել հակամարտությունը, հակամարտությունը արդեն կարգավորված է: Երբ ես խոսում եմ Հայաստանի հետ հաշտության համաձայնագրի մասին, եթե Հայաստանը դիտարկի այդ տարբերակը, այստեղ գործունեության շատ ոլորտներ կհայտնվեին միջազգային խաղացողների համար ՝ սահմանազատման, սահմանագծման, փոխգործակցության առնչությամբ։ Ես հուսով եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները - խմբ.) շուտով կգան մեզ մոտ որոշ առաջարկներով, և մենք շատ ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները", - ասել է Ալիևը, հաղորդում է haqqin.az-ը:
Իր ելույթում Ալիևը հերթական անգամ հավակնություններ է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների, մասնավորապես, Սյունիքի, Սևանի և Երևանի նկատմամբ։ "Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե մենք օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնանք Երեւան ։ Կգա ժամանակը, մենք դա կանենք ։ Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը", - ասել է նա։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա սկզբին Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում Իլհամ Ալիևը հանդես էր եկել քննադատությամբ՝ նրանց մեղադրելով անգործության մեջ: Նա նաեւ հայտարարել էր, թե Ադրբեջանն առանց միջնորդների լուծել է Ղարաբաղի հարցը եւ այլեւս համանախագահների միջնորդական առաքելության կարիքը չունի, որոնք 30 տարով ձգձգել են կարգավորումը: