Արմինֆո. Վերլուծելով ադրբեջանաթուրքական տանդեմի հետ անցած պատերազմի և Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների մասին Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ մարդիկ ուրախացել են կատարվածի համար։ Ընդ որում, միայն այն պատճառով, որ դա նրանց թույլ է տալիս կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
"Իրադարձությունների այս շղթան թույլ է տալիս հանգել հետեւության, որ նման վիճակում գտնվող Հայաստանի ղեկավարությունը, մեղմ ասած, այնքան էլ չի հասկանում, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական տանդեմ և, գլխավորը, թե՝ ինչ է նշանակում պանթյուրքիզմ։ Եվ ես բոլորովին չեմ հասկանում, թե նրա որոշ ներկայացուցիչների շրջանում որտեղից է հայտնվել Նրանց կողմից դրսեւորվող վստահությունը, որ Անկարան կարող է փոխել իր ավանդական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ", - նշել է նա։
Նման հայտարարությունները, մասնավորապես "Իմ քայլը" խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը պատմաբանը գնահատում է որպես կոչ՝ հրաժարվել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը հիշատակելուց։ Իսկ վերլուծելով այդ հայտարարությունը Ռեջեփ Էրդողանի խոսնակի վերջերս Հայաստանին ուղղված՝ "ճիշտ քայլ անել, որպեսզի Թուրքիան դարպաս բացի" կոչի հետ մեկտեղ, Դեմոյանը հանգում է համոզման, որ արդեն ընթանում է քաղաքական սակարկություն։
Նշելով, որ տեղի ունեցած պատերազմի գինը Մեղրիի միջանցքն է, պատմաբանն ընդգծել է, որ Հայաստանի գործող կառավարության վարած քաղաքականությունը ցույց է տալիս վաղուց ծրագրված պատվերի առկայությունը, որն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահառուներ: Եվ այդ կապակցությամբ ծագող գլխավոր հարցը, ըստ Դեմոյանի, այն է, թե արդյոք Հայաստանին գիտակցված պատերազմի հասցնելը եղել է այդ ծրագրի մի մասը։ Վերջին հարցն, իր հերթին, բազմաթիվ այլ հարցեր է ծնում։
"Մենք տեսնում ենք այս ամենի շուրջ որոշակի ծրագրի առկայություն։ Եվ այսօր լսելով "լավ հնարավորություն բացվելու" մասին ուրախալի հայտարարությունները՝ ես հասկանում եմ, որ եթե չլիներ պատերազմը, այդ հնարավորությունն իշխանությունը, պարզապես, չէր ունենա։ Պատերազմն ու պարտությունն այդ պատերազմում նրանց համար իշխանության ղեկին մնալու միջոց ու գին էր: Առնվազն՝ երկարաձգելու այդ իշխանությունը։ Մյուս կողմից՝ պատերազմի գինը Մեղրիի միջանցքն է։ Եվ ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչն է խանգարում մեր իշխանությանը պահանջել մեր բոլոր գերիների վերադարձը՝ տարափոխելով եւ խաղարկելով այդ հարցը։ Ի վերջո, դա թույլ կտա Հայաստանին ձեռք բերել թեկուզ մեկ հաղթաթուղթ այդ ամբողջ պարտիայում։ Եվ այդ ուղղությամբ միակ ճանապարհը Մեղրիի միջանցքի հարցում Հայաստանի դիրքորոշման կոշտացումն է։ Ընդ որում՝ բոլոր շահառուների նկատմամբ", - ամփոփել է Դեմոյանը ։