Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն: Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենքը», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: