Արմինֆո. Ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող Երևանի պահածոների գործարանից։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 08։39-ին։ Մոտ 2000 քմ տարածքում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների 18 տաղավար և 4 պահեստ՝ գույքով։ Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։