
Արմինֆո. Թույլ մի տվեք ավերել Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները։ Նման կոչով "La Croix" - ի իր հոդվածում հանդես է եկել Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:
Մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում հայկական ժառանգության պահպանման հարցի առնչությամբ, որոնք 2020թ. նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողությանը, պատգամավորը փաստել է, որ Արցախի տարածքներն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո պղծվում և ոչնչացվում են հայկական եկեղեցիները, ինչպիսիք են Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը, վանդալիզմի ենթարկված Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին: Նրա խոսքով՝ ամեն օր այդ տարածքներում ենթարկվում են վանդալիզմի գործողությունների եւ ոչնչացվում են հուշարձաններ, կոթողներ եւ գերեզմաններ։ Նրա համոզմամբ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործողությունները շարունակվելու են եւ ուժեղանալու են։
Պատգամավորը հիշեցրել է, որ ոչ այնքան հեռավոր անցյալում Նախիջեւանում քանդվել է 89 հայկական եկեղեցի, ավելի քան 20 000 գերեզման եւ ավելի քան 5000 կոթող և լիովին ոչնչացվել է Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Նա կարծում է, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ինքնին խոսում են այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել նրանցից։ "Օրինակ, Ադրբեջանի Ճարտարապետների միության տնօրենը հույս է հայտնել, որ Արցախի բոլոր եկեղեցիները քանդվելու են։ Իսկ նախագահ Ալիեւը կոչ է արել եկեղեցիներից հեռացնել պատմությունը խեղաթյուրող հայկական գրությունները եւ դրանք հայտարարել "կովկասյան ալբանացիների շինություններ", - արձանագրել է Եվրախորհրդարանի պատգամավորը, համոզմունք հայտնելով, որ այս իրավիճակում միջազգային հանրությունն անտարբեր է մնում՝ նման մշակութային ժառանգության պահպանման համար հնարավոր ամեն ինչ անելու փոխարեն: "Մինչդեռ, ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը մաս է կազմում էթնիկ զտումների: Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար մենք պետք է ձեռնարկենք ավելի համալիր գործողություններ, ցույց տալ ավելի մեծ վճռականություն, բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմանները եւ դեպի Ղարաբաղ ելքերը պետք է բացվեն, ականազերծումը պետք է ավարտվի ։ Այս ամենը ուժեղ միջազգային ներկայություն է պահանջում", - կարծում է Լուազոն ։
Միևնույն ժամանակ, նրա համոզմամբ, տարածաշրջանի ճակատագիրը չպետք է մնա Ադրբեջանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի ձեռքում, որոնք վերջերս հակամարտությունում ցույց տվեցին, որ իրենք չեն գործում հանուն հավասարակշռված և խաղաղ կարգավորման: "Ժամանակն է, որ Մինսկի խումբը զբաղվի վոլյունտարիզմով, որպեսզի իրական բանակցությունները վերսկսվեն և հաջողությամբ պսակվեն ։ Իհարկե, այս ամենը ժամանակ է պահանջում ։ Սակայն Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել։ Ես Մինսկի խմբի համանախագահներին, Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին կոչ եմ անում ազդել Ադրբեջանի վրա։ ԵՄ - ին կոչ եմ անում օգտագործել Արեւելյան գործընկերության կապերը Բաքվից հստակ հավաստիացումներ ստանալու համար, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի", - գրել է Լուազոն:
Նա նաեւ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով չենթարկվել Բաքվի սպառնալիքներին, իսկ այդ ոլորտում մասնագիտացած մյուս կազմակերպություններին, ինչպիսին է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքը (ALIPH), խնդրում է լսել Երեւանի իշխանությունների եւ հայկական Սփյուռքի օգնության կոչերը: "Թույլ մի տվեք ավերել Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները",- ամփոփել է պատգամավորը։