
Արմինֆո. Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկից անցել է 5 տարի։ 2016թ.ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ ։ Հինգերորդ օրը մարտական գործողությունները դադարեցվեցին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։
"Եռաբլուր" պանթեոնում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 5 տարվա վաղեմության դեպքերին, մասնավորապես ասել է. "Այսօր մենք սգում և հպարտանում ենք մարտական խնդիրների կատարման ժամանակ հանուն հայրենիքի զոհված մեր քաջարի զինվորներով ։ Անշուշտ, եթե դասեր չքաղեինք ապրիլյան պատերազմից, կարծում եմ, որ այս 44-օրյա պատերազմի ելքը այլ կլիներ"։ Անդրադառնալով Ճշգրտող հարցին, թե՝ արդյոք վերջին պատերազմի ելքը ողբերգական չէր հայկական կողմի համար, ինչ ավելի վատ բան կարող էր տեղի ունենալ, ԳՇ պետը փաստել է, որ, նախ, Արցախը կարող էր ամբողջությամբ կորսվել ։ "Երկրորդ ՝ դա կարող էր տեղի ունենալ 15-20 օրում", - նշել է։ Գլխավոր շտաբի պետը չի մեկնաբանել նաև "Իմ քայլի" պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, ով ավելի վաղ պնդում էր, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ուսումնասիրման և գնահատման հանձնաժողովը բացահայտել է պատերազմի ընթացքում Դավթյանի կողմից թույլ տրված մի շարք բացթողումներ: Դավթյանը նաև տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբում իրավիճակը կարգավորվել է, կառույցն աշխատում է բնականոն հունով: Տարածաշրջանում իրավիճակին գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում լարված է ։ "Սահմաններին համեմատական կայունություն է, սահմանային միջադեպեր, որպես այդպիսին, չկան, բայց ընդհանուր լարվածությունը պահպանվում է, իսկ դա, իր հերթին, անդրադառնում է թե սահմանապահ ծառայության, թե մեր առօրյա կյանքի վրա", - ամփոփել է Դավթյանը:
Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով նույնպես այցելել էր "Եռաբլուր"՝ մասնակցելու զոհվածների հուշահամալիրին ծաղիկներ դնելու արարողությանը, հրաժարվել է մեկնաբանություններից, այդ թվում ՝ ապրիլյան պատերազմի թեմայով։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին, և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հուշարձանին: