Արմինֆո. Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես հաղորդում է Կրեմլը, գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունն, ընդհանուր առմամբ, կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է:
Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը, որն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին համապատասխան: Այս համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությանը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի ՝ ներառյալ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ամրապնդման, փոխշահավետ նախագծերի առաջմղման փոխադարձ տրամադրվածությունը։