Արմինֆո. Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը պարզաբանել է օտարերկրյա դիվանագետների խմբի կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ այցից հրաժարվելու պատճառները:
Turan գործակալությունը հաղորդում է, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական ԶԼՄ-ներում քննադատության արշավ է սկսվել Բաքվում Գերմանիայի դեսպանի, ինչպես նաեւ Բեռլինի քաղաքականության հասցեին՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Վոլֆգանգ Մանիգը չի մասնակցել օտարերկրյա դիվանագետների այցերին "ազատագրված տարածքներ": Այդ կապակցությամբ գործակալությունը Գերմանիայի դեսպանին խնդրել է մեկնաբանել տեղի ունեցածը եւ պատասխանել երկու հարցի. ինչու՞ դեսպանը չի մասնակցել դիվանագետների այցերին, ինչպիսի՞ն է Գերմանիայի ներկայիս դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Առաջին հարցին ի պատասխան դեսպանն ասել է. "Որոշումը, թե երբ եւ ուր են ուղարկվում դեսպանը կամ դեսպանատան աշխատակիցները, կախված է բոլոր գործոնների վերլուծությունից։ Վճռորոշ է այն հարցը, թե արդյոք դա կուժեղացնի դեսպանատան առաքելությունը, ինչպես պահանջում է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունը, եւ արդյոք ուղեւորությունը անվտանգության կամ առողջության համար ռիսկեր է ներկայացնում:
Երկրորդ հարցին դիվանագետը, մասնավորապես, պատասխանել է. "Վերջին ամսվա ընթացքում դաշնային կառավարության քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրման դադարեցման վրա։ Դաշնային կառավարության գործունեության նպատակն է վերջ դնել մարտական գործողություններին և հաշտություն սկսել ադրբեջանցիների և հայերի միջև։ Դաշնային արտգործնախարարն ընդգծել է իր անձնական մասնակցությունը իր գործընկերների հետ բանակցություններին, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Գերմանիայի դեսպանատներն այդ ուղղությամբ աշխատում են թե Բաքվում, թե Երեւանում։ Դաշնային կառավարությունը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ այդ կապակցությամբ, այդ թվում ՝ ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՝ հակամարտության կայուն կարգավորման համար" ։