Արմինֆո. Հայաստանի ղեկավարության խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին Թուրքիայում հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններն են անցկացվել։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական բանակի զինծառայողները թուրք զինվորականների հետ միասին "ալպինիստական զորավարժություններ" են անցկացնում Թուրքիայի լեռնահրամանատարական ուսումնական կենտրոնում: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում, համատեղ զորավարժությունները սկսվել են մարտի սկզբին:
Ավելի վաղ, փետրվարի 1-ից 12-ը Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը "Ձմեռ 2021" համատեղ զորավարժություններ են անցկացրել Թուրքիայի Կարս նահանգում: Այս տարվա մարտի 15-18-ը ադրբեջանական բանակն ինքն է լայնածավալ զորավարժություններ անցկացրել։ Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարել են ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի խնդիրները, ինչպես նաեւ հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել: Մարտի 27-ին ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության կազմակերպած "հակաահաբեկչական գործողությունների եւ ավիահարվածների կիրառում" զորավարժություններին:
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի ուժեղացման ֆոնին նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել Առաջին հանրային հեռուստաալիքին, որի ընթացքում չէր կարողացել պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է: Նրա ասելով, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ նոյեմբերի 9-ից սկսվել է ապաշրջափակման գործընթացը։ "Ընդհանուր առմամբ ապաշրջափակում պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև պետք է ունենալ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում, և մենք կարծում ենք, որ այս պահին այդ հնարավորությունները կան", - ասել էր նա: Գրիգորյանը, միաժամանակ, չէր պնդել, որ Թուրքիայից ոչ մի վտանգ չի բխում, սակայն "տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները փոխում են իրավիճակը և այլ հնարավորություններ են տալիս"։ Թե ինչպես են այդ "հնարավորությունները" առնչվում թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի ուժեղացմանը, նրա մշտական վարժանքներին, Գրիգորյանը չի ասել։
"Կրակի վրա յուղ է լցրել" նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների տարանջատումն իրականացվում է խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա։ Նա ասել է, թե դա ժամանակավոր սահմանազատում է, եւ "պետք է երկկողմ հարաբերություններ ունենալ, որպեսզի վերջնական սահմանազատում եւ սահմանագծում իրականացվի: Բայց դա տեւական գործընթաց է":
Երկրի երկու ղեկավարների հայտարարությունները կիրակի օրը վիթխարի բացասական արձագանքի են արժանացել սոցցանցերի օգտատերերի շրջանում։