Արմինֆո. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ուժային կառույցները որոշել են քարտեզները, որոնցով իրականացվել է ուժերի տեղակայումը սահմանին:
Այդ մասին ԱրմԻնֆոյի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու հատկապես 1975-1976 թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա էր որոշվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինվորականների տեղակայման վայրը, Նաղդալյանն ընդգծել է, որ այդ հարցն իրենց իրավասության շրջանակում չէր եւ լուծվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ուժային կառույցների կողմից:
Ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, եւ Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվել են 1975-1976 թվականների խորհրդային ռազմական քարտերի հիման վրա։ Ավինյանը նաեւ հայտարարել է, որ բացի Մոսկվայում նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարություններից Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել:
"Ոչ: Հայաստանը Ադրբեջանի հետ, բացառությամբ այս երկու փաստաթղթերի, եթե ես չեմ սխալվում, եթե փոխվարչապետների միջև այս վերջին բանակցությունների ընթացքում որևէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, կարծես թե, չի ստորագրվել, որը կարող էր վերաբերել հաղորդակցություններին, նման փաստաթղթի գոյության մասին, համենայնդեպս, ես տեղյակ չեմ։ Իսկ Գորիս-Դավիթ-Բեկ տեղամասի վերաբերյալ պայմանավորվածությունները կնքվել են ռուսական կողմի հետ, և ռուս սահմանապահները տեղակայվում են այնտեղ այդ պայմանավորվածությունների հիման վրա", - ասել էր Ավինյանը։
Միեւնույն ժամանակ, այն հարցին, թե ինչպես կոչվում այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող սահմանների ճշտման գործընթացը,Ավինյանը պատասխանել էր. "Սահմանազատումն ու սահմանագծումը իրավական գործընթացներ են: Որպես այդպիսին՝ մենք չունենք Ադրբեջանի հետ մեր սահմանների իրավական ամրագրում։ Նման գործընթացի համար մեզ, առաջին հերթին, պետք է երկկողմ հարաբերություններ ունենալ, որովհետև այդ իրավական գործընթացներն, առնվազն, ենթադրում են երկկողմ հարաբերությունների հաստատում։ Փաստորեն, դա, կարելի է ասել, որոշակի տրամաբանությամբ սահմանապահների տեղակայում է՝ 1975-1976 թվականների ռազմական քարտեզների տրամաբանությամբ, ինչը ժամանակավոր տեղաբաշխում է՝ մինչև սահմանների վերջնական սահմանազատում և սահմանագծում"։
Հարցին, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել որեւէ փաստաթուղթ, որով կողմերը ճանաչում են ընդհանուր պետական սահմանը, փոխվարչապետը պատասխանել էր. "Դա ենթադրում է հենց սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց:Դա, առնվազն, մի քանի տարվա հարց է, դա բավականին երկարաժամկետ եւաշխատատար գործընթաց է։ Մենք մինչև հիմա չենք ավարտել այդ գործընթացը հարևան Վրաստանի հետ, այն բավական երկար ժամանակ է տևում։ Եվ, ընդհանուր առմամբ, վաղ թե ուշ մենք պետք է նման գործընթաց անցկացնենք բոլոր հարևանների հետ"։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման գործընթաց կանցկացվի նաեւ Ադրբեջանի եվ Թուրքիայի հետ, Ավինյանն ասել էր. "Կախված է երկկողմ հարաբերությունների հաստատման կամ չհաստտաման պայմաններից: Հարաբերությունների առկայությունը նվազագույն նախապայման է նման իրավական գործընթաց սկսելու համար"։