Արմինֆո.Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենևին համադարման չեն, որը կարող է հաղթահարել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ ընտրությունների միջոցով ներքաղաքական գորդյան հանգույցի հանգուցալուծումն անհնար է թվում։ Ընտրությունները կհանգեցնեն միայն կարճաժամկետ արդյունքի։ Եվ միանգամայն կարող են ուղեկցվել հետընտրական ցնցումների փուլով ։ Եվ, իհարկե,բոլորովին այլ, սպասվելիք ներքաղաքական ազդակներից տարբերվող ազդակների ։ Այնպես որ, ես՝ անձամբ, չափից ավելի ակնկալիքներ չունեմ ընտրություններից", - նշել է նա։
Ընդ որում, վերլուծաբանը բոլորովին վստահ չէ, որ ընտրություններն, ընդհանրապես, կանցկացվեն ՝ դա կապելով նման սցենարով արտաքին շահագրգռվածության առկայության կամ բացակայության հետ։ Սարոյանի գնահատմամբ, հասարակության որոշ մասի աջակցությունը կորցրած գործող վարչակազմի անկարողության ֆոնին նման բարդության խնդրի լուծումը հնարավոր չէ առանց արտաքին աջակցության: Ընդ որում, նա ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանն արդեն նման աջակցություն ստացել է։
Հայաստանի ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավվածության աստիճանի մասին ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել, վերլուծաբանի գնահատմամբ, միայն այդ գործընթացների սկզբին: Իսկ առայժմ, նա ակնհայտ է համարում ընտրությունների անցկացման ժամկետների որոշման վրա արտաքին ազդեցության առկայությունը։ Այս լույսի ներքո, Սարոյանը նշել է, որ "Իմ քայլը" դաշինքի եւ "Բարգավաճ Հայաստան" ոււ "Լուսավոր Հայաստան" կուսակցությունների միջեւ համաձայնությունը լիովին թույլ է տալիս ընտրություններն անցկացնել ավելի վաղ, քան հունիսին։
"Վարչապետի հրաժարականն ու Սահմանադրության շրջանակներում տեղի ունեցող այլ գործընթացները թույլ են տալիս ընտրություններն անցկացնել ապրիլի վերջին։ Այսպիսով, միայն հունիսին ընտրություններ անցկացնելու մտադրությունը ցույց է տալիս այդ գործընթացը առնվազն մեկ ամսով ձգձգելու ցանկությունը։ Իսկ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցումը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել այդ հարցում արտաքին շահագրգռվածության հետ ։ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի և Հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապը որևէ մեկի համար գաղտնիք չէ ։ Այսպիսով, ընտրությունների անցկացման ժամկետները, դրանց այլ իմաստից զուրկ ձգձգումն արդեն խոսում է արտաքին շահագրգռվածության և Հայաստանի ընտրական գործընթացներում ներգրավվածության մասին", - ամփոփել է վերլուծաբանը ։