Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և «Environment Group» ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների, ջրային անվտանգության հետ կապված խնդիրներ:
Նշելով, որ մեր երկրի առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, թե՛ կորոնավիրուսի համավարակով և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել ջրային և, դրա հետ փոխկապակցված, պարենային անվտանգության խնդիրները: Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգության հետ կապված մարտահրավերները, պետք է մտածել նաև մեր երկրի ջրային, պարենային անվտանգության խնդիրների մասին: «Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- ընդգծել է նախագահը:
Նա պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը:
Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չափազանց արդիական են համարել խնդիրը և ներկայացրել իրենց մտահոգությունները: Մասնավորապես, կարևորվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնային համարելով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ մասնավորապես մտահոգություն է հայտնվել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ: Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնի բնապահպան, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի ջրամբարների մեծ մասը հավուր պատշաճի չի լցվում այն պատճառով, որ դրանց տեխնիկական վիճակն անմխիթար է: Փորձագետը պատմել է, որ մեր ջրամբարները տղմոտման կարիք ունեն։
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ մեր երկրի տարածքում այնքան ջուր ենք ստանում, որքան ինքներս կարող ենք օգտագործել, եւ գրագետ օգտագործման դեպքում դեֆիցիտ չպետք է լինի: Հովհաննիսյանը հաղորդել է, որ տարեկան մեր տարածքում ձևավորվում է շուրջ 7 մլրդ խմ ծավալով ջրահոսք: Դրանցից 3.8 մլրդ խմ մակերեսային հոսք է, և 3.2 մլրդ խմ՝ ստորգետնյա հոսք, որը ներկայացված է բարձրորակ ջրերով, որոնք օգտագործում են տնային տնտեսություններն ու արտադրությունները: "Բայց այս ամբողջ մեծ զանգվածից, կոպիտ հաշվարկով, մենք օգտագործում ենք ընդամենը 2.5 մլրդ խորանարդ մետր: Մնացածը գնում է մեր հարեւաններին: Ահա թե որն է էությունը: Ուստի պետք չէ նայել, թե ինչ է կատարվում թուրքերի մոտ։ Դա նրանց հողերն են, նրանք կարող են անել այն ամենն, ինչ ուզում են: Իսկ մենք էլ, մեր հերթին, պետք է կարողանանք ջրամբարներ կառուցել, պահել այն հոսքը, որը ձևավորվում է մեր տարածքում։ Եթե մեր ռեսուրսները մենք կարողանանք ճիշտ օգտագործել, մեզ ոչ մի տաքացում չի սպառնում, ոչ մի "ջրային սով", - փաստել է Քնարիկ Հովհաննիսյանը, ընդգծելով, որ երկրի ջրային քաղաքականությունը պետք է լինի խելամիտ, գիտական։
Այսօր Հայաստանում կան շուրջ 90 տարբեր ծավալի ու չափերի ջրամբար, իսկ առաջիկա հինգ տարիներին, դատելով կառավարության ծրագրերից, այս ոլորտում էական առաջընթաց է նախատեսվում: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 4 խոշոր ջրամբար ։ Նոր ջրամբար կհայտնվի Վեդիում ՝ 29 մլն խմ, Եղվարդում ՝ 90 մլն խմ, Կապսի ջրամբարը ՝ առաջին փուլում 25 մլն խմ, երկրորդում ՝ մինչեւ 60 մլն խմ, ինչպես նաեւ Սելավ եւ Մաստարա գետերում ՝ 10 մլն խմ: Այս ամենը կիրականացվի վարկային ծրագրերի շրջանակներում եւ ծրագրերի ծախսերը կկազմեն շուրջ 350-400 մլն դոլար: Ֆինանսավորումը, հիմնականում, նախատեսվում է այնպիսի միջազգային դոնորների վարկային ռեսուրսների հաշվին, ինչպիսիք են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը( JICA), Եվրասիական զարգացման բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, գերմանական KFW բանկը եւ այլն: