Արմինֆո. Մինչեւ 2018 թվականը ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են "Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին" փաստաթղթի շրջանակներում, որի բովանդակության հիմքում ընկած էր Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ-ի վերականգնման հարցը: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ, անհրաժեշտության դեպքում կհիմնավորեմ։ Եթե մենք այս հարցի բոլոր մանրուքները ծալենք, կստացվի հենց այն, ինչի մասին ես ասացի ։ Չեմ կարող որոշ նրբություններ բացահայտել, բայց դրա ժամանակն էլ կգա", - պարզաբանել է Փաշինյանը։
Այս համատեքստում վարչապետը հիշեցրել է դեռևս 2018-ի մայիսին նախորդ իշխանությունների կողմից իր հասցեին հնչեցված այն մեղադրանքները, որ ինքը եկել է իշխանության՝ հողերը հանձնելու համար ։ "Իմ սեղանին դեռ չէին եղել նույնիսկ այդ փաստաթղթերը, իսկ նրանք ինձ արդեն մեղադրում էին հող հանձնելու մեջ։ Ինչու՞: Քանի որ նրանք գիտեին, թե ուր է տանում բանակցային գործընթացը", - ընդգծել է կառավարության ղեկավարը, նշելով, որ այսօր Հայաստանում դեռ կան մարդիկ ու ուժեր, որոնք արյունահեղություն են ուզում ։ "Նրանք ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն թափվի, որովհետև <հոկտեմբերի 27-ի>, <մարտի 1-ի> արյամբ չեն հագեցել: Նրանք ցանկանում են Հայաստանին ներքաշել նոր արյունահեղության մեջ", - արձանագրել է Փաշինյանը։