Արմինֆո. Երեւանի դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջնորդությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Իրավական ուղի" հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ՝ կցելով փաստաթղթի սքրինշոթը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է հայցի ապահովման միջնորդությունը, մասնավորապես, կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը և արգելք է դրել գլխավոր շտաբի նոր պետի նշանակման վրա։ Իսկ դա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով պաշտոնանկ էր արվել ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրած ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականները պահանջել են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանն, ի պատասխան, հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին և Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահին։ Այն բանից հետո, երբ նախագահը երկու անգամ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանը չէր ստորագրել, Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվել էր պաշտոնից մարտի 10-ին։ Նա այդ որոշումը հակասահմանադրական էր որակել և դիմել էր Վարչական դատարան՝ իրեն պաշտոնից ազատման հակաօրինականության վերաբերյալ հայցով։