Արմինֆո. Ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ, այնպես էլ հետագա շրջանում մշակութային ժառանգության պահպանումն ապահովելու հարցը Ֆրանսիայում անհանգստություն հարուցող առանցքային հարցերից մեկն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին։
Նա հիշեցրել է, որ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ժողով է հրավիրել մշակութային ժառանգության պահպանումն ապահովելուն առնչվող հարցերը քննարկելու համար:
"Մենք, անշուշտ, ցանկանում ենք, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանար այցելել տարածաշրջան եւ հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետ ուսումնասիրություններ անցկացներ: Եվ, ինչպես հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը, մենք շատ ենք ցավում, որ այդ հետազոտությունները դեռ չեն իրականացվում։ Ամեն դեպքում, Ֆրանսիան ամեն ինչ կանի Հայաստանի հետ մշակութային ժառանգության շրջանակներում համագործակցության խորացման համար", - ասել է դեսպանը։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ վերջերս Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնան։ "Նրա այցի նպատակն է աջակցել Հայաստանին հայկական մշակութային ժառանգության համակարգային տվյալների բազայի ստեղծման հարցում, ինչպես նաև մասնագիտական գիտելիքները կիսել այդ ոլորտում մասնագիտացված հայկական համապատասխան կառույցների հետ: Նա եղել է Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային թանգարանում եւ ծանոթացել պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղից դուրս բերված մշակութային ժառանգության ցուցանմուշներին", - ասել Է դիվանագետը։
Դեսպանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համագործակցության ուշադրության կենտրոնում առաջիկա տարիներին լինելու է մշակութային ժառանգության հարցը:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաղորդել Էր Ղարաբաղ առաքելություն ուղարկելու կազմակերպության պատրաստակամության մասին՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ կազմակերպությունը "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 22-ին տարածած կոմյունիկեում կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, եւ հայտարարել Էր, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության համար՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար":
Ռուսաստանի ԱԳՆ-ը նույնպես բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ արդեն մոտ ժամանակներս: Սակայն հարցը միտումնավոր ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում վանդալիզմի ակտեր են իրականացվում, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները ։