Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է 2021թ․ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվող լուսանկարչական ցուցահանդեսին:
Ֆրանսիայի դեսպանությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը կներկայացնի հինգ երիտասարդ ֆրանսիացի և հայ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին: «Այս ցուցահանդեսը վկայում է փնտրտուքների ընդհանրության մասին։ Առողջապահական և քաղաքական ճգնաժամերից փոթորկված համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, կենսական շունչը չի կորչում, այն ամենուր է։ Միակ կարգախոսը՝ պատկերացնել հետոն, հակառակ և ի հեճուկս ամեն ինչի։ Միշտ ապրել ավելին, ավելի լավ, այլ կերպ՝ պարզապես ողջ մնալ չնայած փոթորկին։ » Հատված FETART կոլեկտիվի՝ցուցահանդեսը ներկայացնող տեքստից։
Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածումը խրախուսող Ֆրանսիայի դեսպանությունը նպատակ ունի, ճգնաժամով պայմանավորված այս դժվարին հանգամանքներում, արտահայտվելու տարածք տրամադրել երիտասարդ լուսանկարիչներին ։
Ցուցահանդեսը տեղի կունենա 2021 թ. մարտի 23-ից ապրիլի 18-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում (Երևան, Աբովյան փող․13): Մուտքն ազատ է: Ցուցահանդեսը բաց կլինի երեքշաբթիից կիրակի ժամը 10-ից 18-ը: Ուրբաթ օրերին ցուցահանդեսը բաց կլինի մինչև երեկոյան ժամը 20-ը, ինչը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ուրբաթ երեկոները՝ մշակութային ժամանցի շրջանակներում վայելել ցուցահանդեսը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով ֆրանսիացի լուսանկարիչները և ցուցահանդեսի հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական սեմինարներ կազմակերպելու նպատակով: