Արմինֆո.«Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեաջնական մամուլում: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ ծրագիրը եղել է հարևան երկրի մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա իհարկե չունի և երբևէ չի կարող ունենալ որևէ կապ իրականության հետ: Սակայն զավեշտալին այն է, որ որոշ հայաստանյան լրատվական կայքեր լծվել են երկրի միջազգային խոշոր ներդրողի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածմանը Հայաստանում: Հասկանալի է, որ Ադրբեջանին անհանգստացնում են ներդրումները Հայաստանում, բայց մտահոգիչ է, որ նույնիսկ պատերազմից հետո մեր երկրում դեռ կարող են թիրախավորել միջազգային խոշոր ներդրողին` անտեսելով երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման համար ներդրումների կարևորությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ փետրվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է վերադառնալ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի քննարկումներին, այդ թվում ՝ Ամուլսարի հանքավայրի խնդրին։ Բայց այս հարցում պետք է լինի հավասարակշռված մոտեցում, որը հաշվի է առնում բոլոր ասպեկտները:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում պաշարների մեծությամբ երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը յուրացնում է "Լիդիան Արմենիա" ընկերությունը ։ Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի՝ տոննայում 0.78 գրամ միջին պարունակությամբ, ինչպես նաև 294.367 տոննա արծաթ՝ մեկ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ։ Այն գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում ։