Արմինֆո. Հաշվի առնելով տվյալ միտման ուղղությամբ մի շարք համապատասխան ցուցիչների առկայությունը՝ ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ը շատ շուտով ճնշում կգործադրի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման խստացման դեպքում նման ինդիկատորների շարքում ես կնշեի ոչ միայն Ռուսաստանի հետ Ս-400-ների ձեռք բերման գործարքը, այլեւ Անկարայի կեցվածքը՝ ընդհանուր առմամբ։ Կարելի է արձանագրել, որ Վաշինգտոնի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից շատերն արդեն հանգել են այն եզրակացության, որ Թուրքիան ոչ լիարժեք կերպով կատարում է իր պարտավորությունները՝ որպես ԱՄՆ դաշնակից", - նկատել է նա։
Այս լույսի ներքո՝ ակադեմիկոսը կանխատեսում է ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի կողմից Անկարայի նկատմամբ դիրքորոշման խստացում՝ Թրամփի վարչակազմի դիրքորոշման համեմատ ։ Ընդ որում, այդ հեռանկարներն արդեն հիանալի գիտակցում են նաև Անկարայում։ Դրա վկայությունն է Բայդենի և Էրդողանի միջև առ այսօր, նույնիսկ, հեռախոսազրույցի բացակայությունը, ինչը շփոթմունք և անհանգստություն է հարուցում Թուրքիայում։
Վաշինգտոնի և Անկարայի միջև նման օրակարգի առկայության լույսի ներքո թուրքագետը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր են դրական տեղաշարժեր Հայաստանի և Արցախի ուղղությամբ: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, արդեն որոշում է կայացվել ակտիվացնել նաև արտաքին քաղաքականության կովկասյան ուղղությունը։ Ակադեմիկոսը ԱՄՆ քաղաքականության մեջ նման շրջադարձի օգտին եւս մեկ գործոն է համարում դեմոկրատ Ջո Բայդենի ավելի հայամետ դիրքորոշումը եւ կապերն ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ:
"Դրան զուգընթաց ես ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ճնշման խստացում։ Առաջին հերթին, եւ մասնավորապես, դեռևս Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի լուծման առնչությամբ։ Մենք տեսնում ենք, որ Կոնգրեսում արդեն համապատասխան նախաձեռնություն է հայտնվել։ Եվ ես՝ անձամբ, ակնկալում եմ, որ այդ բոլոր ազդակները կսկսեն դրսևորվել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության խստացմանը զուգընթաց", - ամփոփել է Սաֆրաստյանը։