Արմինֆո.44-օրյա պատերազմը շատ բանով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանք էր: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
"Փաշինյանը, գործնականում, հրաժարվեց արցախյան խնդրի լուծումից։ Չէր սահմանափակում Ռուսաստանի դեմ աշխատող մարդկանց և իր որոշ հայտարարություններով նպաստում էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։ Հասկանալի է, որ Բաքվում եւ Անկարայում շտապեցին օգտագործել նման նվերը եւ նոր պատերազմ սանձազերծել, որը կրկին կանգնեցվեց Ռուսաստանի կողմից", - նշել է նա։
Զինվորականի գնահատմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիներին փորձել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից և իրավիճակը հասցնել պատերազմի։ Եվ իր գործողություններով Փաշինյանի վարչակազմը և ինքն անձամբ միայն նպաստեցին ադրբեջանական ռևանշիզմին։ Դրան ի պատասխան՝ Մոսկվան, պարզապես, ստիպված էր արձագանքել եւ ցուցադրել տարածաշրջանում ազդեցության սեփական իրավունքները՝ այնտեղ տեղակայելով երկրորդ ռազմակայանը։
Մեկնաբանելով Ալիեւի վերջին սպառնալից հայտարարությունները արդեն անմիջականորեն Հայաստանի հասցեին՝ գեներալը նշել է, որ հենց նույն Սյունիքի սահմանների սահմանազատմանն առնչվող իրավիճակին համարժեք արձագանքումը Երեւանից պահանջում է լայնածավալ աշխատանք: Այս լույսի ներքո՝ Տեր-Գրիգորյանցը բավարար չի համարում գործող ձևաչափը ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։ Նրա կարծիքով՝ աշխատանքում պետք է ներգրավել ԱԳՆ-ն և անմիջականորեն պետության ղեկավարին։
"Այս հարցին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, որպեսզի բացառվի նույնիսկ 100 տարի անց սահմանին որեւէ վիճելի հարց առաջանալու հնարավորությունը։ Հասկանալի է, որ թուրքերն ու ադրբեջանցիները ձգտում են Հայաստանի ներքաղաքական քաոսից օգտվել սեփական նպատակներով։ Բայց պետության շահերը պետք է գերակշռեն ամեն ինչի՝ ներառյալ իշխանության համար պայքարը", - ընդգծել է նա։
Այդ իմաստով Բաքուն և Անկարան, ըստ գեներալի, ակնհայտորեն շահագրգռված են Հայաստանում գործող վարչապետ Փաշինյանի իշխանության պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի՝ իր պաշտոնում մնալու կամ հրաժարական տալու հարցը, ըստ Տեր-Գրիգորյանցի, պետք է լուծի բացառապես հայ ժողովուրդը ։ Այս համատեքստում նա նշել է, որ Փաշինյանի հեռանալն առայժմ պահանջում է հասարակության մի մասը։ "Ամեն դեպքում, որպես պետության ղեկավար Փաշինյանի հեռանկարը նրա խղճի եւ ժողովրդի որոշելու հարց է", - ամփոփել է Տեր-Գրիգորյանցը: