Արմինֆո.Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը,
ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն անճշտություններ է հայտնաբերել "Հայաստան" համահայկական հիմնադրամի ՝ "Միասին հաղթահարենք Covid-19 համավարակը" արշավի շրջանակներում իրականացված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվություններում: Այդ մասին մարտի 9-ին հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։ Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի հուլիսին՝ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ' ի դեմս" Բարգավաճ Հայաստան " եւ "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների:
Խաչատրյանը, մասնավորապես, պատմել է, որ հիմնադրամի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում հավաքագրվել է 325.6 մլն դրամ (մոտ 650 հազար ԱՄՆ դոլար), որից 154.8 մլն դրամը բաժին է ընկնում մասնավոր ընկերություններին, 18.1 մլն դրամը' Հայաստանի և Սփյուռքի ֆիզիկական անձանց, 152.6 մլն դրամը' Սփյուռքում գործող" Հայաստան " հիմնադրամի տեղական բաժանմունքներին:
Ընդ որում, հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ Հիմնադրամի կայքում ներկայացված հաշվետվությունը, որի համաձայն 2020 թվականի հուլիսի 22-ի դրությամբ հավաքվել է շուրջ 800 հազար դոլար, որից 695.2 հազար դոլարը ուղղորդվել է տարբեր բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, տարեց քաղաքացիների եւ շատ հայրենադարձների սնունդով ապահովմանը:
«Կան որոշ անհամապատասխանություններ թվերի մեջ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մենք հիմնադրամից խնդրեցինք լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել մեզ, սակայն մեզ պատասխանեցին, որ մենք կարող ենք այդ տվյալները ստանալ միայն այն բանից հետո, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ներկայացնի իր տարեկան հաշվետվությունը: Բայց բանն այն է, որ մեզ անհրաժեշտ չէ հիմնադրամի գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն, մեզ անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ տվյալներ։ Ի՞նչն է խանգարում հիմնադրամի ղեկավարությանը հիմա մեզ ներկայացնել այդ տեղեկությունը», - հարց տվեց Խաչատրյանը։
Նշենք, որ այդ ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի, Արցախի Հանրապետության նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ: Դրամահավաքին միացել է ավելի քան 1000 մարդ և կազմակերպություն աշխարհի 18 երկրից։