Արմինֆո. Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։