Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հարձակվել է Հայաստանի վրա։ Նախօրեին ելույթ ունենալով իշխող "Յենի Ազերբայջան" կուսակցության 7-րդ համագումարում' Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Երեւանին հարկադրելու է ստեղծել Զանգեզուրի միջանցք։ "Մենք պատրաստ ենք համագործակցության (Հայաստանի հետ)։ Քանի անգամ արդեն հանդիպել են փոխվարչապետները: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցել: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրանց չի հաջողվի։ Մենք նրանց կհարկադրենք", - հայտարարել Է Ալիեւը, որի խոսքը մեջբերում է "Ինտերֆաքսը"։
Նա նշել է, որ ներկայում բանակցությունների սեղանին արդեն կան տրանսպորտային եւ հաղորդակցական մի շարք նախագծեր: "Պատերազմի հետևանքներից մեկն, անշուշտ, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է։ Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է։ Այն, որ այս հարցը հատկապես արտացոլված է եռակողմ հայտարարությունում, մեզ համար մեծ քաղաքական հաղթանակ է։ Հիմա ակտիվ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկություններ, տրանսպորտային եւ հաղորդակցական շատ նախագծեր արդեն քննարկվում են, եւ դա կլինի մեր հերթական պատմական հաջողությունը", - հավելել Է Ալիեւը: