Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի "հայկական խմբի" առաջնորդների ներկայացրած նոր օրինագիծը, որն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, որոնք ավելի քան 100 օր պատանդ են պահվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Այդ մասին ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական բանաձեւում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեւիդ Վալադաոն եւ Ֆրենկ Փալոնե կրտսերը, տվյալներ են ներկայացվում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, որոնք ենթարկվում են ֆիզիկական բռնության եւ նվաստացման, գլխատման, մահապատժի՝ առանց պատշաճ դատաքննության: Լուրջ մտահոգություն է հայտնվումհայ կանանց վիճակի առնչությամբ, որոնք կարող են ենթարկվել սեռական բռնության եւ այլ տեսակի վայրագ վերաբերմունքի: Փաստաթղթում ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արվում ակտիվ փոխգործակցություն սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի կողմից՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու մասին միջազգային իրավունքին համապատասխան ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:
"ANCA-ն ողջունում է Կոնգրեսի այդ հզոր կոչը ԱՄՆ ուժեղ եւ կայուն ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ավելի քան 200 հայ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջի հարցում", - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը 'շնորհակալություն հայտնելով կոնգրեսական Ադամ Շիֆին եւ " Հայկական խմբի " ղեկավարության նրա գործընկերներին այդ երկկուսակցական նախաձեռնությունն առաջ մղելու համար:
Հայկական խմբի առաջնորդները նամակ են ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին, կոչ անելով միանալ նախաձեռնությանը՝ որպես փաստաթղթի համահեղինակներ, որը պետք է շրջանառության մեջ դրվի հաջորդ շաբաթ ։