Արմինֆո.Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է նման քաղաքական գործիչների թվում: "Անշուշտ, մենք կենտրոնանում ենք նրա համապատասխան հայտարարությունների վրա։ Շատ ակտիվ երկխոսություն է ընթանում նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ հարաբերություններն, իրականում, նույնպես շատ արժեքավոր են", - պարզաբանել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն անհեթեթ է համարել այն հարցը, թե արդյոք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության վերաբերյալ իր հայտարարությունը համաձայնեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ իրեն կապում են բազմամյա բարեկամական հարաբերությունները: "Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնելու իրենց քայլերը Ռուսաստանի նախագահի հետ, դա անհեթեթ հարցադրում է", - ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ Քոչարյանը "Ռուսաստանի մեծ բարեկամն է, Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունն ավելի խորացնելու համոզված կողմնակիցը, այն մարդն է, ով մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար":