Արմինֆո. Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումներն ուժեղանում են՝ հայ գերիների վերադարձի հարցում։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արա Այվազյանը՝ մարտի 3-ին պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ երեկ Իտալիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել շուտափույթ լուծել այդ հումանիտար հարցը:
Նախարար Այվազյանը նշել է, որ գերիներին տուն վերադարձնելու համար բազմաթիվ խողովակներ են օգտագործվում։ Նա ընդգծել է, որ ելնելով այն հանգամանքից, որ տարածաշրջանում Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի, այդ հարցը բարձրացվում է անձամբ ՌԴ նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից: Բացի այդ, նա նշել է, որ գերիների թեման առանցքային է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ դեսպանների եւ ԱԳՆ մակարդակով իր հեռախոսազրույցների ընթացքում: "Տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների հետ, եւ Ադրբեջանի համար այդ հարցը գնալով ավելի խնդրահարույց է դառնում", - եզրափակել է նա: