Արմինֆո.Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ Դա իրավիճակի ներքաղաքական, էմոցիոնալ-անձնային և, իհարկե, աշխարհաքաղաքական տեսանկյունն է։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
Մեկնաբանելով փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արված հայտարարությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույն օրը դատապարտել էր "հեղաշրջման փորձը"։ Նույն ոգով էր հանդես եկել նաև Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։ Իսկ հաջորդ օրն արդեն ինքը՝ Ռեջեփ Էրդողանը, հայտարարել էր, որ "Թուրքիան դեմ է ցանկացած հեղաշրջման"։
"Եվ աշխարհաքաղաքական տեսանկյունից, անկասկած, գոյություն ունեն իրենց ակնհայտ շահերը։ 44-օրյա պատերազմն էապես փոխեց իրադրությունը Կովկասում՝ վերացնելով 1994թ.-ից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ստատուս-քվոն։ Եվ եթե Մոսկվան, արդյունքում, հաստատեց միջնորդի իր հատուկ դերը խաղաղ կարգավորման գործում, ապա Անկարան լուրջ հայտ ձևակերպեց սեփական ռազմաքաղաքական ազդեցության ամրապնդման համար։ Ընդ որում, ոչ միայն Կովկասում, այլեւ հետխորհրդային տարածքում՝ ընդհանուր առմամբ", - ընդգծել է նա։
Որպես արդյունք՝ Այսօրվա Թուրքիան, Մարկեդոնովի գնահատմամբ, Կովկասում դիրքավորվում է ոչ միայն որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ։ Անկարան ձգտում է տարածաշրջանային անվտանգության ապագա հետագծերի ու վեկտորների սահմանմանը։ Եվ Թուրքիայի արձագանքը Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձություններին, ըստ վերլուծաբանի, Անկարայի այդ մտադրությունների և ախորժակի մասշտաբների բավական ցուցադրական հաստատումն էր։
"Միամտություն կլիներ հարեւան երկրներում ժողովրդավարական գործընթացների պաշտպան փնտրել կամ տեսնել Թուրքիայում։ Թուրքիայի առաջին դեմքերի բոլոր մտահոգ հայտարարությունները պայմանավորված են ոչ այլ բանով, քան Հայաստանում հնարավոր ներքաղաքական փոփոխությունների մտավախությամբ։ Անկարայում, մասնավորապես, մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է հանգեցնել 2020թ. նոյեմբերի 10-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դեզավուացման", - ընդգծել է նա։