Արմինֆո. "Մեր երկրում բանակ - կառավարություն դիմակայություն չկա", - մարտի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
"Դուք սխալ եք մեկնաբանում բանակի հայտարարությունը։ Բանակ-կառավարություն դիմակայություն չկա։ Քանի որ գերակշռող մեծամասնությունն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, նույնը տեղի է ունենում նաև բանակում", - ընդգծել է նա, հավելելով, որ խնդիրն առնչվում է բացառապես բանակի հրամանատարությանը՝ մեկ, երկու, երեք ներկայացուցիչների։ Այս համատեքստում Սիմոնյանն ընդգծել է, որ զինվորականներն, ընդհանրապես, պետք է քաղաքականությունից դուրս լինեն։
Անդրադառնալով վարչապետի այն մեղադրանքներին, թե ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի կոչը գրվել է ոչ առանց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության, ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները երբեք անհիմն չեն լինում:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչական ռեսուրսներն օգտագործվում են հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիների տեղափոխման համար, Սիմոնյանն ընդգծել է, որ նման մեղադրանքներն անլուրջ են: "Այդ մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե մարդկանց հավաքներին բերեին Պաշտպանության նախարարության, Ազգային ժողովի, Ոստիկանության ավտոբուսներով։ Իսկ երբ հրապարակում մարդիկ միաձայն գոչում են "Նիկոլ-վարչապետ", և դրանից հետո ասել, թե նրանց "Ա" կետից "Բ" կետ են տեղափոխում վարչական ռեսուրսների հաշվին՝ հանրահավաքին մասնակցելու համար, ընդհանրապես, անլուրջ է", - հավելել է Սիմոնյանը:
Ընդ որում, խորհրդարանականը նշել է, որ երկրում քաղաքական հարցերի լուծումը պետք է իրականացվի ընտրությունների միջոցով: "Հայաստանում այլ այլընտրանք լինել չի կարող։ Ես ի սկզբանե կողմ եմ եղել ընտրությունների անցկացմանը", - հավելել է նա։
Ամփոփելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը խնդրել է արձանագրել, որ երկրում անցկացվող բոլոր հարցումների համաձայն, ինչպես ընդդիմության, այնպես էլ դիվանագիտական ներկայացուցչությունների, անկախ հասարակական կազմակերպությունների, "Քաղաքացիական պայմանագիրը" և Նիկոլ Փաշինյանը 10 անգամ ավելի աջակցություն ունի, քան ընդդիմության ներկայացուցիչները: