Արմինֆո.1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին։