Արմինֆո. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) խիստ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Այսպես, Հայաստանի մոնիթորինգի հարցով համազեկուցողներ Բորիան Օբերգին և Քիմմո Քիլյունենին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով ։ Մասնավորապես, մենք անթույլատրելի ենք համարում զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից հինգշաբթի հրապարակված հայտարարությունը, որը կոչ է անում պաշտոնաթող լինել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական ինստիտուտներին լիովին պահպանել Հայաստանի Սահմանադրության ժողովրդավարական սկզբունքներն ու դրույթները, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներկա իրավիճակի անհապաղ ապաէսկալացման համար":
Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ դժվար փուլով, և այն ավելի, քան երբևէ, ունի հանգստության, զսպվածության, իմաստության, ինչպես նաև բոլոր կողմերի լիակատար աջակցության կարիք, որպեսզի գերակայեն ժողովրդավարական սկզբունքները, ինչը թույլ կտա կարգավորել ներկայիս քաղաքական ճգնաժամը: