Արմինֆո.ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի բոլոր տպարանների հետ, իրականացվում են որոշակի ճշտումներ՝ պատմական փաստերի խեղաթյուրումների բացակայության մեջ համոզվելու նպատակով։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ Արմինֆո-ի խնդրանքով գնահատական հնչեցնելով Ադրբեջանի դիմումի համաձայն Ռուսաստանի պատմության դասագրքերում Հայաստանի մասով ճշգրտումներ մտցնելու վերաբերյալ տեղեկատվությանը։
Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում տարբեր հրատարակչություններ հրատարակում են տարբեր դասագրքեր: «Դեսպանությունը կապի մեջ է գտնվում բոլոր հրատարակչությունների հետ՝ հստակեցնելու, որպեսզի պատմական փաստերի խեղաթյուրումներ չլինեն: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ պատմական խեղաթյուրումները բացառելու ուղղությամբ: Մասնավորապես ձեր կողմից բարձրաձայնվող հարցի առնչությամբ ՀՀ դեսպանության ներկայացուցիչն արդեն իսկ հանդիպում է ունեցել հրատարակչության ներկայացուցիչների հետ,» ասել է Նաղդալյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արմինֆոն, փետրվարի 23-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ի պատասխան տվյալ տեղեկատվությունը մեկնաբանելու Արմինֆո-ի խնդրանքին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մասնավորապես, հայտարարել է. «Այդ հարցի մասով, ինչպես և դուք, ես կարող եմ հենվել ԶԼՄ-ների տեղեկատվության վրա: Բնականաբար, այդ աղբյուրները չեմ կարող մեկնաբանել։ Այլ տեղեկատվություն չունեմ»։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ռուսաստանում ԱՀ դեսպանատանը, հայտնել էին Ռուսաստանի պատմության դասագրքերում Ադրբեջանի խնդրանքով փոփոխություններ կատարելու մասին: Մասնավորապես, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը և Կրթության նախարարությանը՝ «Ռուսաստանի պատմություն. XIX - XX դարի սկիզբ» (հեղինակներ ՝ Լ.Մ. Լյաշենկո, Օ. Վ. Վոլոբուև, Յ. Վ. Սիմոնովա, տպագրված 2020 թվականին Մոսկվայի «Դրոֆա» հրատարակչությունում) 9-րդ դասարանի դասագիրքսւմ փոփոխություններ մտցնելու և Թուրքմենչայի պայմանագրի նկարագրության մեջ «Արևելյան Հայաստան» ձևակերպումը բացառելու նպատակով։