Արմինֆո.«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի տնօրենի պաշտոնը ստանձնել է Նաիրա Նազարյանը:
Նա ավելի քան 20 տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում․ իր գործունեության ընթացքում ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) միջազգային հարաբերությունների ծառայությունը, իրականացրել է աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր, ղեկավարել է մարքեթինգային հաղորդակցությունները և արտաքին կապերը:
Վերջին տարիներին ղեկավարել է Beeline-ի ընկերության Հասարակայնության կապերի ծառայությունը, իրականացրել է թվային գրագիտությանը և ստարտափների կայացմանն ուղղված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականություն, ոլորտի ճանաչված և բարձրակարգ մասնագետներից է: Բազմիցս տարբեր բուհերի ուսանողների համար դասախոսություններ է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ», «Թվային գործիքները` նոր դարաշրջանում» և այլ թեմաներով:
«Ուրախ ենք, որ մեզ է միացել ոլորտի սիրված մասնագետներից մեկը, ողջունում եմ Նաիրային մեր ընկերությունում և հաջողություն եմ մաղթում նրան և ողջ թիմին Հայփոստի ժամանակակից դիրքավորման և ավելի լավ ներկայացման հարցում»,- նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Նաիրա Նազարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, տիրապետում է հինգ լեզուների: Անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, այդ թվում ` «Ներքին Հաղորդակցություններ», «PR գնահատում և զարգացում» Chartered Institute of Public Relations (Մեծ Բրիտանիա), «Խելացի որոշումների և արդյունքների կառավարում և տեխնիկա առաջնորդների համար» Շեֆիլդի համալսարան, «Ծրագրերի կառավարում AGILE/SCRUM» (Ռուսաստանի Դաշնություն)։