Արմինֆո. Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կալանավորմամբ, Ադրբեջանի իշխանությունները մի շարք լուրջ միջոցառումներ են ձեռնարկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
<Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։ Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ: Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կալանավորմամբ>,- գրել է Աբրահամյանը։
Ընդդիմադիր գործիչ Արման Սաղաթելյանն իր հերթին Facebook-ի իր էջում գրել է. <Պետությունը շարունակում է արագ գլորվել անդունդ բոլոր ուղղություններով, եւ խայտառակ կապիտուլյացիային, Արցախի եւ մի ամբողջ սերնդի կորստին հաջորդելու է անդառնալի ներքին կոլապս։ Այն հնարավոր չի բեկանել, բայց տգետ խզբզանքները կարծում են, որ հնարավոր է ձգձգել սեփական անփառունակ վախճանը։ Հետեւաբար, մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը>։