Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Նման որոշում նախօրեին կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանի խոսքով՝ չնայած դատարանը որոշում է կայացրել, որ Սաղաթելյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է, սակայն, միաժամանակ, որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Սաղաթելյանի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը ։
Նշենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։